Բողոքի ակցիա Դիլիջանում. պահանջում են վերացնել անտառից կոտրված ծառերն ու ճյուղերը հավաքելու արգելքը. shamshyan.com
Տավուշի մարզում այսօր Դիլիջանի Այգեստան, Վախթանգ Անանյան, Կամոյի և մի քանի թաղամասերի, ինչպես նաև Հաղարծին, Գոշ, Թեղուտ և մի քանի գյուղերի բնակիչներ հավաքվել են Դիլիջանի քաղաքապետարանի առաջ և բարձրաձայնում են, որ տեղի անտառտնտեսության ղեկավարությունը չի տալիս բնակիչներին անտառից հավաքել բնական աղետի հետևանքով կոտրված ու թափված ծառերը:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Աղբյուրի հետ զրույցում հավաքվածներն ասել են. «Կոմունիստների ժամանակ գումար էին տալիս քաղաքացիներին, որ անտառները մաքրեին էդ թափոններից: Հիմա մենք մեր հոժար կամքով գնում ենք՝ թափոնները հավաքելու, մեզ անկապ տեղը բռնում, տուգանում են: Ոչ մի անգամ անտառ չենք մտել՝ ծառեր կտրելու, անտառը ոչնչացնելու, այլ էդ թափված ճյուղերն ու տապալված ծառերը մեծ դժվարությամբ հավաքում ու տեղափոխում ենք՝ մեր տները տաքացնելու: Լիքը տներ կան, որ գազ չունեն և մեր երեխեքի լողանալու հարցերը, սնվելու հարցերը լուծում ենք էդ հավաքած ծառերով, լիքը երեխեք ունենք, որ հիմա պոստերն են պահում։ Բայց որ գիտես, զինվոր տղեդ պոստերը պահելուց հետո զորացրվելու է, գա տուն ու առանց գազի տանը չկարողանա մի տաք ճաշ ուտել, ոչինչ չես կարող ասել»։
Ցուցարարներն ասել են, որ ցանկանում են, որ հարցը լուծվի քաղաքակիրթ եղանակով, հակառակ դեպքում կդիմեն ծայրահեղ միջոցի՝ փակելով ճանապարհը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










