Ժնևի կանտոնը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցմանը
Ժնևի կանտոնը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի՝ Հիշողության լապտերների կառուցմանը, որը նախատեսվում է կառուցել Տրամբլեի անվան զբոսայգում:
Չնայած այս նախագծի գաղափարը ծնվել է տասը տարի առաջ, հայկական համայնքը վերջապես անցած շաբաթ ստացել է հուշարձանը կառուցելու թույլտվությունը, գրում է Nouvelles d'Arménie-ն:
Այնուամենայնիվ, փաստաբան Իվ Նիդեգերը հայտնել է, որ կբողոքի թույլտվության դեմ՝ 14 բնակիչների խնդրանքով, որոնք դեմ են կառուցապատմանը:
«Տրամբլեի անվան զբոսայգին կանաչ տարածք է: Այդ պատճառով այստեղ ոչինչ չի կարող կառուցվել՝ բացի հավանաբար հանրային նշանակություն ունեցող հարմարություններից, որոնք ուղղակիորեն կապված են տարածքի օգտագործման հետ: Այստեղ դիմորդը մասնավոր պատվիրատու է, որը հետապնդում է մասնավոր շահեր»,- ասել է նա՝ հավելելով նաև, որ նախագծի չափսերը մեծ ազդեցություն կթողնեն զբոսայգու վրա և կփոխեն այգու տեսքը:
Հուշարձանի նախագծի համակարգող Ստեֆան Կրիստենսենը նշել է, որ նա «վստահ է այս նախագծի իրականացման հարցում»։
«Սա կարևոր քայլ է, և մենք շատ գոհ ենք»,- ասել է նա: Նախագծի համակարգողը, այնուամենայնիվ, համոզված է, որ բողոքի շարժառիթները նախևառաջ քաղաքական են:










