ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների 3 փուլ է տեղի ունեցել, արդյունքներից գոհ ենք. Էդվարդ Նալբանդյան

15:49 • 26.05.16

 

Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի բանակցված մասն այնքանով, որքանով այն չէր հակասի Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությանը: ԱԺ-ում 2015թ.-ի պետական բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչու հանկարծ մեկ օրում Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ պատճառաբանելով, որ Ասոցացման 4 տարվա բանակցված փաստաթուղթը չի ստորագրվում Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխիքներից ելնելով:
 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ անվտանգության ենթադրյալ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև՝ ավելի է սրվել:
 

Էդվարդ Նալբանդյանը, սակայն, հակադարձեց. «Այդպես չի եղել: Ես բազմիցս ասել եմ, նաև այստեղ, այս շենքում՝ փակ ու բաց ձևաչափերով Եվրամիության հետ մեր բանակցությունների մասին, որ մենք պատրաստ ենք եղել բանակցված մասով կնքել համապատասխան համաձայնագիր: Աշխատանքային խումբ էր ձևավորվել՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների, Մաքսային միությանն անդամակցող պետությունների ներկայացուցիչների կողմից, որի արդյունքում եկանք եզրակացության, որ Հայաստանը կարող  է դառնալ անդամ՝ չնայած խոչընդոտների մասին  խոսակցություններին: Իսկ մենք բազմիցս ասել ենք հրապարակավ, ոչ թե գաղտնի, որ Հայաստանը կցանկանար լինել անդամ, բայց ասում էին՝ անհնար է: Մենք մեկ օրում չդարձանք: Հայտարարեցինք, որ գնում ենք բանակցելու ու սկսեցինք բանակցել: Հազար էջանոց փաստաթուղթ էր, պետք է բանակցվեր, դա հանկարծակի չէր... Ես հայտարարել էի, որ մենք պատրաստ ենք ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն այնքանով, ինչքանով չի հակասում մեր կողմից ստանձնած այլ պարտավորություններին»:
 

ԱԳ նախարարի խոսքով՝ հիմա էլ Հայաստանն ասում է, որ պատրաստ է համագործակցել ԵՄ հետ:


«Հանձնակատար Էշթոնի հետ միասին հայտարարեցինք, որ Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստ ենք զարգացնել, խորացնել համագործակցությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով, եթե դրանք չեն հակասում ՀՀ անդամակցությանն ինտեգրացիոն այլ կառույցներում: Դրանից հետո էլ ենք հայտարարել, անցյալ տարվա դեկտեմբերին, երբ վերսկսեցինք բանակցությունները ԵՄ հետ: Հայաստանը պատրաստ էր մեկնարկել շատ արագ, բայց ԵՄ-ն 28 երկիր է, պետք է մանդատ տա, որ բանակցությունները սկսվեն:
 

Հիմա բանակցությունների 3 փուլ է կայացել: Իհարկե, կարող են լինել հարցեր, ինչպես երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկին ասաց, որ կան բարդություններ... Բանակցությունների ժամանակ լինում են խնդիրներ, բարդություններ, որոնք բանակցող կողմերը պետք է փորձեն լուծեն, բայց բանակցությունների ընթացքում չի եղել, որ կողմերից մեկը նման բան հայտարարի: Եթե Սվիտալսկին կարծում է, որ սա ճնշման ձև է, սխալվում է: Մենք վարում ենք լավ բանակցություններ, մենք գոհ ենք երեք փուլերից, որոնք անցկացվել են: Ժամկետներ չեն դրվել: Բանակցություններից առաջ չենք կարող ասել, թե երբ կավարտվեն դրանք: Բայց մենք կանենք հնարավորինը, որ կարճ ժամկետներում ավարտվեն»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

 

ԱԳ նախարարն ասաց, որ նաև աշխատանքներ են տարվում վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ:

 

 

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների 3 փուլ է տեղի ունեցել, արդյունքներից գոհ ենք. Էդվարդ Նալբանդյան