Սավչենկոն Գերագույն ռադայում կզբաղվի Ուկրաինայի պաշտպանության հարցերով

12:29 • 26.05.16

Ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոն, ում ներում էր շնորհել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կընդգրկվի Ուկրաինայի գերագույն ռադայի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում։


Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, «Բատկիվշչինա» խմբակցության անդամ Իվան Կռուլկոն։


«Մենք շատ ջերմ զրույց ունեցանք։ Նադեժդան թիմային խաղացող է, և նա հաստատեց, որ «Բատկիվշչինա» թիմի անբաժան անդամն է, և օգնություն խնդրեց, որպեսզի հնարավորինս արագ սկսի իր աշխատանքը։ Նա կլինի Ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ»,-ասել է նա։


Պատգամավորը հավելել է, որ Սավչենկոն իր նոր աշխատավայրում կլինի արդեն մայիսի 31-ից։ «Նա զինվորական մարդ է և լուրջ է վերաբերվում իր ծառայությանը»,-ասել է Կռուլկոն։

 

Սավչենկոն Կիև է հասել մայիսի 25-ին։ Բորիսպոլի օդանավակայանում նա լրագրողներին ասել է, որ պատրաստ է վերադառնալ ուկրաինական բանակի շարքեր։ «Ես կարող եմ ևս մեկ անգամ վերադառնալ մարտադաշտ ու կյանքս զոհել հանուն Ուկրաինայի»,-ասել էր նա՝ հավելելով, որ 3 լիտր օղի խմելու ցանկություն ունի։


Մարտին ռուսական դատարանը Սավչենկոյին 22 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ ռուս լրագրողներ Իգոր Կորնելյուկի ու Անտոն Վոլոշինի սպանության մեղադրանքով։

 

Երեկ Ռուսաստանը Սավչենկոյին փոխանակեց ՌԴ քաղաքացիներ Եվգենի Երոֆեևի ու Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ։ Վերջիններս  ձերբակալվել էին 2015 թվականի մայիսի 16-ին՝ Դոնբասում։ Կիևում պնդում են, որ նրանք «ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության մարտիկներ են», սակայն Մոսկվան բազմիցս հերքել է դա։ Ապրիլին դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել ու ազատազրկել։