Ադրբեջանական SOCAR-ը փակում է գրասենյակները՝ նավթի գների անկման պատճառով. Reuters

10:46 • 26.05.16

Մայիսի 25-ին Ադրբեջանի SOCAR պետական էներգետիկ ընկերությունը, որը ժամանակին շռայլ գումարներ էր ծախսում տարբեր նախագծերի վրա՝ նոր հիվանդանոցներից մինչև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հյուրընկալություն, փակել է արտասահմանում իր մի քանի գրասենյակները՝ նավթի գների անկման ֆոնին ծախսերը կրճատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը, գրում է Reuters-ը:

 

Նավթով հարուստ Ադրբեջանի տնտեսությունը և արժույթը՝ մանաթը, մեծ ճնշման տակ են հայտնվել անկում ապրող նավթի գների պատճառով: Fitch վարկանշային կազմակերպությունը SOCAR-ի վարկանիշը փետրվարի 29-ին նվազեցրել է «BB+»-ի՝ բացասական կանխատեսմամբ:

 

Երկրի խորհրդարանը փետրվարին վերանայել է 2016 թվականի իր պետական բյուջեն՝ հիմնվելով բարելի համար 25 դոլար նավթի միջին գնի վրա: Նախկինում կանխատեսումներում նշվում էր բարելի համար 50 դոլարի գինը:

 

Աբդուլաևը հայտնել է, որ փակվել են Գերմանիայի, Բելգիայի և Շվեյցարիայի գրասենյակները:

 

«Լավ ժամանակներում SOCAR-ը նավթից ստացած եկամուտը շռայլորեն էր ծախսում»,- գրում է գործակալությունը: Այն դպրոցներ և հիվանդանոցներ էր կառուցում, այն 2012 թվականին Բաքվում անցկացված «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի, ինչպես նաև անցած տարի առաջին Եվրոպական խաղերի գլխավոր հովանավորն էր:

 

Նավթի գների կտրուկ անկումը, սակայն, ստիպել է ընկերությանն այս տարի կրճատել տրանսպորտի, հաղորդակցությունների, հովանավորչական նախագծերի, ինչպես նաև համաժողովների ծախսերը:

 

SOCAR-ի պաշտոնյաները նշում են, որ ծախսերը կրճատելը կօգնի ընկերությանը երեք տարվա ընթացքում խնայել մոտ 400 միլիոն մանաթ (267 մլն դոլար):

 

SOCAR-ի պաշտոնյաների խոսքերով՝ եթե նավթի գները նվազեն ներկայիս մոտ 44 դոլարից 35 դոլարից էլ ցածր, ընկերությունը ստիպված կլինի է՛լ ավելի «ձգել գոտիները»:

 

Ադրբեջանական SOCAR-ը փակում է գրասենյակները՝ նավթի գների անկման պատճառով. Reuters