Ինչու են Թուրքիայի իսլամիստներն ու ազգայնականները լուռ մնում Ադրբեջանին մատակարարվող իսրայելական զենքի հարցում. Al-Monitor
Ապրիլի սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների մասին տեղեկությունները հայտնվեցին Թուրքիայի մամուլի էջերին, քիչ ուշադրություն դարձվեց բախումներում Իսրայելի զենքի կարևոր դերակատարությանը: Միայն Hurriyet-ը հաղորդեց, որ Ադրբեջանն օգտագործել է Harop հարվածային անօդաչու թռչող սարք, ինչը Հայաստանում դժգոհության ալիք բարձրացրեց, գրում է Al-Monitor-ի սյունակագիր Փինար Թրեմբլին (Pinar Tremblay)։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հիշեցրել է, թե ինչու պետք է այդ հարցը կարևոր լինի թուրքական լրատվամիջոցների համար: «Ադրբեջանի կռիվը մեր կռիվն է, նրանց նահատակները մեր նահատակներն են»,- ասել էր նա։ Իսկապես, Ադրբեջանը մշտապես Թուրքիայում հանրային կարծիքի հարցումների ժամանակ դառնում է Թուրքիայի ամենամտերիմ բարեկամը, իսկ Իսրայելը պահպանում է այդ նույն հարցումներում լուրջ վտանգ ներկայացնող երկրի իր կարգավիճակը:
Հետաքրքիրն այն է, որ Իսրայելն Ադրբեջանի գլխավոր զենքի մատակարարն է, մի իրավիճակ, որը գլուխկոտրուկ է իրենից ներկայացնում: Ինչո՞ւ են թուրքերը լուռ, երբ Ադրբեջանը՝ նրանց ամենամտերիմ բարեկամը, և Իսրայելը՝ ամենամեծ հակառակորդը, եթե ոչ անպայմանորեն թշնամին, մտերմացել են: Հատկապես ուշագրավ է թուրքական հասարակության երկու հատվածների լռությունը: Մեկը Թուրքիայի ուլտրաազգայնականներն են, որոնք հավատարիմ են Ադրբեջանին, մյուսը՝ իսլամիստները, որոնք ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում Իսրայելին քննադատելու համար: Ինչո՞ւ են այս երկու խմբերը, որոնց ցույցերին Թուրքիայում ոստիկանությունը հազվադեպ է խոչընդոտում, եթե ընդհանրապես դա անում է, անտեսում այս զարգացումը:
Ինչո՞ւ են թուրք իսլամիստները և ծայրահեղ ազգայնականները լուռ մնում, երբ նրանց հակառակորդ Իսրայելն ընդլայնում է իր ներկայությունն Ադրբեջանում, հարցնում է հոդվածագիրը:
Դրա համար կա առնվազն երկու փոխկապակցված բացատրություն՝ լրատվամիջոցների լռությունը և քաղաքական պրագմատիզմը: Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները ջանասիրաբար անտեսվում են լրատվամիջոցներում: Իսլամիստական և ազգայնական շարժումների մի քանի առաջատար գործիչներ Al-Monitor-ին հայտնել են, որ նրանք տեղյակ չեն Թուրքիայի լավագույն բարեկամի և տարածաշրջանում ամենամեծ հակառակորդի ռազմավարական բարեկամության ծավալների մասին:
Դեռ 2011 թվականին Թուրքիան խնդրում էր Ադրբեջանին սահմանափակել իր հարաբերություններն Իսրայելի հետ: Այնուամենայնիվ, այժմ փակ դռների հետևում թուրքա-իսրայելա-ադրբեջանական բլոկը թվում է, թե շատ լավ է աշխատում գրեթե բոլոր ճակատներում: Ուլտրաազգայնականների համար Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր հաղթանակը գերակշռում է Իսրայելի նկատմամբ անբարյացակամությանը: Թուրք իսլամիստական խմբերն ավելի սուր դիրքորոշում ունեն այդ հարցի վերաբերյալ:
Kadir Has համալսարանի արտաքին քաղաքականության ընկալումների մասին տվյալների համեմատությունը ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիայի հանրությունն արդարացնում իր լռությունը և ադրբեջանական շուկաներ իսրայելական զենքի մատակարարման փաստի ընդունումը: Հարցմանը մասնակցած թուրքերի քանակը, ովքեր Ադրբեջանին որպես բարեկամ են ընկալում, 2015 թվականի 37,2 տոկոսից աճել է 2016 թվականին 59,3-ի, մինչդեռ զգալիորեն նվազել է Իսրայելը որպես սպառնալիք դիտարկողների թիվը՝ 2015-ին 42,6 տոկոսից մինչև 2016-ին 26 տոկոսի: Հարցման մասնակիցներն ԱՄՆ-ն և Ռուսաստանը համարում են երկու խոշոր սպառնալիք:
Չափազանց շուտ է հետազոտության արդյունքները մեկնաբանել որպես Թուրքիայում հակաիսրայելական տրամադրություններում կարևոր փոփոխություն, ավելի սթափ վերլուծությունը կլինի այն, որ անգամ Իսրայելի դեմ ատելությունը կարող է վերահսկվել, եթե դա այս խմբերի շահերից է բխում, գրում է նա։










