Կրկին մեր կամքը ցուցադրեցինք ամբողջ աշխարհին, որ անպարտելի ենք, երբ միասին ենք. Արա Վարդանյան
Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստին Հայաստանի համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր ելույթում ներկայացրեց կատարված աշխատանքները:
Նա ասաց, որ Հայաստան համահայկական հիմնադրամը նախորդ 12 տարիների ընթացքում շարունակել է կյանքի կոչել բազմաբնույթ ծրագրեր:
«Նախաձեռնությունների տեսակներն ու ոլորտները համահունչ են հայկական երկու պետություններում բնականոն զարգացում ապահովելու մեր համընդհանուր համահայկական հրամայականին: Խաղաղության և պատերազմի շեմին հազարամյակներով ապրող և արարող հայ ժողովուրդը հստակ գիտակցում և գնահատում է հայրենիքը շենացնելու մեր բոլորի պարտքը: Յուրաքանչյուրս մեր դերն ունենք ազգանվեր այս գործում»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստան համահայկական հիմնադրամը, որպես Հայաստան-սփյուռք անբաժանելի կապը խորհրդանշող կառույց, իր դերակատարումն ունի մեր հայրենիքի առաջ ծառացած խնդիրների լուծման համար:
«ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր աշխատանքը շատ կարևոր է, և որ թշնամին չի կարողանում համակերպվել օրեցօր զարգացող և գեղեցկացող մեր Արցախի հետ: Ցավոք, ագրեսիայի հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ, շենքեր և հաստատություններ, բայց ոչ երբեք մեր հավատը, երազանքները և միասնականությունը: Որպես հայ, մենք կրկին մեր կամքը ցուցադրեցինք ամբողջ աշխարհին, որ մենք անպարտելի ենք, երբ միասին ենք: Այժմ մեր գործելու ժամանակն է»,-ասաց նա և նշեց, որ նկատի ունի աշխարհասփյուռ հայությանը:
Ըստ նրա՝ բոլորի սուրբ պարտքն է միասին՝ ուս ուսի տված վերացնել ագրեսիայի բոլոր հետևանքները։










