Սամվել Բաբայանը չի լինի ինքնուրույն, բայց բավականին ազդեցիկ գործոն կլինի՝ ինչ-որ ընդհանուր խաղի մեջ. Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին, ասաց, որ երբ ընդհանրապես քաղաքական մեծ տեղաշարժեր են տեղի ունենում, իսկ պատերազմը դրա հրահրողներից մեկն է, բոլոր ներկա և անցյալ քաղաքական ուժերը ակտիվանում են տարբեր պատճառներով՝ մեկը հանուն հայրենիքի ուզում է ավելի ծառայել, մեկը փորձում է օգտվելով իրավիճակից՝ իր նախկին դիրքը վերականգնել:
«Սամվել Բաբայանը, իմ կարծիքով, չէր կարող մի կողմի մնալ, որովհետև ինքը մեծ դեր է ունեցել Ղարաբաղյան պատերազմի մեջ, և եթե մի կողմ ենք դնում մեղադրանքները, նա գործոն է Ղարաբաղում: Հիմա կփորձեն ոմանք իր միջոցով բանակի ինչ-որ թևի վրա ազդեցություն ձեռք բերել, ես կարծում եմ, որ դրանով էր պայմանավորված նրա վերադարձը Ղարաբաղ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի քաղաքական հեռանկարներին, ապա Արա Պապյան ասաց, որ մեծ հեռանկարներ նրա մասնակցությամբ չի տեսնում:
«Ես չեմ կարծում, որ նրան թույլ կտան ինքնուրույն խաղացող դառնա, նրան ինչ-որ մի քաղաքական ուժը սպասարկելու համար են բերել»,-ասաց նա և նշեց, որ կարող է ենթադրություն անել, սակայն չի ցանկանում բարձրաձայնել:
«Ինքն էլ է լավ հասկանում, որ այլևս ի վիճակի չէ ինքնուրույն խաղացող լինել. ինքը չունի այդ քաղաքական ուժը, թեև ունի ստեղծած դաշինք, ինքը չունի այդ ֆինանսական հնարավորությունները և ինքը բավական երկար է դուրս մնացել այս խաղից: Այսինքն` ինքը չի լինի ինքնուրույն գործոն, սակայն բավականին ազդեցիկ գործոն կլինի, ինչ-որ մեկ ընդհանուր խաղի մեջ՝ հատկապես բանակի առումով»,-ասաց նա:
Ըստ Արա Պապյանի՝ Սամվել Բաբայանը Հայաստանում այն ժամանակ էլ ազդեցություն չուներ, Ղարաբաղում՝ ուներ, սակայն նրա նկատմամբ էլ Ղարաբաղի վերաբերմունքը երկակի է, այսինքն՝ միայն դրականը չէ, կա նաև բավական բացասական վերաբերմունք: Նա ևս համամիտ է Սամվել Բաբայանի հետ, որ իրավիճակը մտահոգիչ է:










