Այսօր ՀՀ 1400 դպրոցներում կմեկնարկեն վերջին զանգի միջոցառումները՝ 1 րոպե լռությամբ

09:31 • 27.05.16

Հանրապետության 1400 դպրոցներում այսօր կհնչի վերջին զանգը: Շուրջ 25 000 շրջանավարտներ այսօր կմասնակցեն վերջին դասին: Վերջին զանգի միջոցառումներն այս տարի կմեկնարկեն 1 րոպե լռությամբ՝ հարգելով ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը:

 

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ավելի վաղ շրջանավարտներին կոչ էր արել հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը և ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել:


«Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»,-նշել էր Լևոն Մկրտչյանը:


Ինչ վերաբերում է տոնական բուն միջոցառումներին, ապա Tert.am-ի հետ զրույցում մի քանի դպրոցի տնօրեններ ասացին, որ դրանք լինելու են շատ համեստ, առանց ավելորդ շքեղությունների:


Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագ դպրոցում, օրինակ, որտեղ ավարտական երեք դասարաններում թվով 66 աշակերտ է ավարտելու, դպրոցը կազմակերպվելու է 1 դասաժամի չափով վերջին դաս:


«Որևէ շքեղություն չի լինելու՝ ո՛չ երգ, ո՛չ երաժշտություն։ Հավաքվելու ենք դպրոցի բակում, միջոցառումն իրականացնենք և վերջ»,-ասաց դպրոցի տնօրեն Հերիքնազ Խաչատրյանն ու նշեց, թե որևէ դրամահավաք չի եղել և չի լինելու:


Երևանի թիվ 139 ավագ դպրոցից, որտեղ 135 աշակերտի համար կհնչի վերջին զանգը, ասացին, որ դրամահավաք չի եղել. «Ժամը 10-ին, դպրոցի բակում բոլորի համար կհնչի վերջին զանգը: Միջոցառումներն իրականացվում է դպրոցի ուժերով»:


ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ևս Tert.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ դպրոցներում տնօրենները դրամահավաք չեն անում:


Թե ինչ մեխանիզմներով են հսկվում դրամահավաք անել-չանելու հարցը, Նարինե Հովհաննիսյանն ասաց, թե քննչական գործողություններ չեն իրականացնում, որպեսզի իմանան, դրամահավաք լինո՞ւմ է, թե՞ ոչ:


«Տնօրենների հետ ենք անկեղծ խոսում։ Բացի այդ, լինում են դեպքեր, երբ ծնողը հնչեցնում է այն գումարի մասին, որ հավաքվում է: Ծնողն անանուն է խոսում, մենք իրեն ասում ենք՝ ներկայացի, հասկանանք խնդիրը: Ծնողը հնչեցնում է գումարը, ենթադրենք՝ 100 հազար դրամ գումար են հավաքել, պարզվում է, որ այդ 100 հազարի մեջ մտնում է այդ երեխայի շորը, ռեստորանը, որ գնում են»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը, միաժամանակ նշելով, որ եղել է դեպք, երբ տնօրենն ասել է, թե տեղյակ է, որ գումար են հավաքում լուսանկարի, հագուստի, ռեստորանի համար:
Նման դեպքերում, Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ տնօրենը ճշտում է, թե որ ռեստորան են գնում, որ ապահովվի երեխաների անվտանգությունը:


«Տեղեր կան, որ ուսուցչները և տնօրենները գնում են երեխաների հետ, տեղեր էլ կան, որտեղ ուղղակի հրաժարվում են երեխաների հետ խնջույքին մասնակցելուց: Բայց ես համարում եմ, որ ճիշտ է գնալը, գնան, իրենց երեխաներին տեր լինեն»,-ասաց հանրակրթության վարչության պետը:


Նրա խոսքով՝ դժգոհությունը հիմնականում նվերների մեջ է. «Ես խոսել եմ ծնողների հետ. համաձայն են հագուստի, լուսանկարի, ծաղիկների, ռեստորանի, նույնիսկ սցենարի համար գումար հավաքել, բայց այդ նվերի համար դժգոհություն ունեն: Չեն ասում, թե ինչ նվերի մասին է  խոսքը, պարզապես ասում են, թե այդ գումարը հավաքվում է տնօրենի իմացությամբ»:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, սակայն, այն կարծիքին է, թե առանց ծախսի չի լինի:


«Պարտադիր չեն մեծ ծախսերը, բայց առանց ծախսի չի լինի: Վերջին զանգը ցանկացած երեխայի կյանքում շատ հիշարժան, նշանակալի, ճամփաբաժանի օր է: Եվ այդ օրը պետք է պատշաճ բովանդակությամբ այդ երեխայի հիշողության մեջ մնա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը


Նա նշեց, թե կարելի է նվազագույն ծախսով տոն դարձնել այդ օրը երեխայի համար:


«Որևէ մեկն իրավունք չունի երեխային արգելել իր ջերմ վերաբերմունքն արտահայտել իր ուսուցիչների նկատմամբ, որն արտահայտվում է ծաղկեփնջով: Այդ տոնը պետք է իրականացվի:


Դիտարկմանը, թե Վերջին զանգի կապակցությամբ մեծ դրամահավաք է լինում դեռևս ուսումնական տարվա սկզբից, Անահիտ Բախշյանն ասաց. «Ամեն ինչ, ինչը որ երեխայի համար է, ես արդարացնում եմ: Երբեմն, դրանց մեջ կան նաև գումարներ, որոնք այլ նպատակով են. դրանք են՝ տնօրենի, դասղեկի նվերները, քննությունների ժամանակ ուսուցիչների համար սեղաններ դնելը: Ա՛յ սրանք պետք է վերանան: Ավարտական երեկոն կարելի է դպրոցի շենքում անել, ավելի համեստ, իրենց հնարավորությունների սահմաններում: Այդ տոնական տրամադրությունն առանց ներդրման հնարավոր չէ: Պետք է ներդրում անել՝ այդ ավելորդ ծախսերը հանած: Ես այդքան տարի դպրոցի տնօրեն եմ եղել  և չեմ լսել, որ որևէ մեկը բողոքի դրամահավաքի վերաբերյալ: Նորմալ կառավարման դեպքում երեխաների ընտանիքների սոցիալական վիճակը դպրոցում գիտեն: Իրենք գիտեն, որ այս երեխան չի կարող, ուրեմն, իրենք պետք է մի քիչ ավելի գումար դնեն, որպեսզի բոլորը հավասար լինեն՝ և՛ ավարտական լուսանկարների ալբոմ ունենան, և՛ այդ երեխան ծաղկեփունջ նվիրի ուսուցչին, և ՛ մասնակցի ավարտական տոնակատարությանը»:


Ինչ վերաբերում է կոնկրետ 2016 թվականի Վերջին զանգին, Անահիտ Բախշյանն ասաց, թե ամեն տարի բողոքներ ստանում էր, այս տարի չի ստացել:
 

Այսօր ՀՀ 1400 դպրոցներում կմեկնարկեն վերջին զանգի միջոցառումները՝ 1 րոպե լռությամբ