Մադրիդյան սկզբունքներում չկա որևէ բառ 660 հազար փախստականների իրավունքների մասին. քննարկում
Այսօր «Մոդուս վիվենդի» կենտրոնում կազմակերպվել էր կլոր-սեղան քննարկելու ադրբեջանահայ փախստականների իրավունքների հարցը: Քննարկմանը ներկայացվեց նաև «Մոդուս վիվենդի» կենտրոնում կողմից օրերս հրատարակած ադրբեջանցի գրող, ներկայումս տնային կալանքում գտնվող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գրքի անգլերեն թարգմանությունը, որում հեղինակն անդրադարձել է Սումգայիթի (1988թ.) և Բաքվի (1990թ.) հայոց ջարդերին, ինչպես նաև հայոց Ագուլիսին:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ իրենք բազմիցս բարձրաձայնել են փախստականների իրավունքների հարցը: «Այսօր միջազգային դաշտ են հանվել մադրիդյան սկզբունքները: Մենք, իհարկե դեմ չենք, որ Մինսկի խմբի շրջանակներում կոնֆլիկտը կարգավորվի, սակայն մադրիդյան սկզբունքներում չկա որևէ բառ 660 հազար հայերի իրավունքների մասին»,-ասաց նա և նշեց, որ այդ մարդկանց իրավունքները շրջանցել են նաև հայկական իշխանությունները:
«Այսօր ում իրավունքն ասես չի պաշտպանվում՝ շների, գոմիկների իրավուքններն են պաշտպանվում..»,-ասաց նա: Մարիամ Ավագյանը հայտնեց, որ այդ 660 հազար քաղաքացիներից 410 հազարը մտել են Հայաստանը, որոնց մեծ մասը գնացել է այլ երկրներ և վերջին տարիների արտագաղթն անդրադարձել է նաև նրանց վրա:
Նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանն, անդրադառնալով Նախիջևանի հարցին, ասաց, որ արցախյան շարժման սկզբնական շրջանում Նախիջևան խնդիրը շոշափվում էր, սակայն դրանից հետո Հայաստանի իշխանությունների համար այդ հարցը գոյություն չունի:
«Երբեք Հայաստանի հանրապետությունը միջազգային մակարդակով հետամուտ չեղավ, որ դատապարտի այդ վանդալական քաղաքականությունը»,-ասաց նա:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշեց, որ իրենց նպատակն է փախստականների հարցը բարձրացնել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մինչև հասարակությունը հարցը չի բարձրացնում, պետությունն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում:
«Ադրբեջանը լայն սպեկտորով է հարձակման անցել և մեզ մեղադրում է չեղած ադրբեջանական հուշարձանների ոչնչացման մեջ, չեղած փաստաթղթերի կեղծման մեջ»,-ասաց նա և նշեց, որ խոսքն այն չէ, որ այդ մարդիկ վերադառնան իրենց բնակավայրեր, այլ որ ճանաչվի իրենց իրավունքը:
Արա Պապյանն ասաց, թե ինչ խոսք կարող է լինել նրանց վերադարձի մասին, երբ տեսանք, թե ապրիլին ինչպես նրանք վարվեցին խաղաղ բնակչության հետ:
Հայաստանի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Վարդան Պետրոսյանը նշեց, որ պետական համակարգի ոչ էֆեկտիվ աշխատանքը երևում է, երբ անհրաժեշտ է լինել կոորդինացնել հասարակական կազմակերպությունների աշխատանքը որևէ խնդրի հետ կապված: «Այս մարդիկ տարածքներում ապրող իրավունքից չեն հրաժարվել: Ո՛չ իշխանությունները բանակցային գործընթացում, ո՛չ առավել ևս Արցախի իշխանությունն այս հարցերը չեն բարձրացնում»,-ասաց նա և նշեց, որ այդ հարցերը հատկապես Արցախը պետք է բարձրացնի, քանի որ ինքը հանդիսանում է այդ մարդկանց ներկայացուցիչը:
Արա Պապյանն ասաց, որ մենք պետք է աշխատենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ և եթե աջակցենք , որ նրանք ինքնության զարթոնք ունենան, դա կարող է բերել Ադրբեջանի տրոհմանը:










