ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ԼՂ նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները

11:38 • 27.05.16

 


Ստրասբուրգում մայիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի հետ:


Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։


Հանդիպման ընթացքում Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները և ընդգծել, որ դրանք այդ պետության բարձր աջակցությամբ իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանքն են: Արման Թաթոյանը  նշել է ԼՂՀ իրավապաշտպան և ժողովրդավարական հաստատությունների մասնակցության կարևորությունը միջազգային մակարդակի քննարկումներին՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված էր հենց ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ և որ իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ է՝ անկախ որևէ հանգամանքից: Դա կարևոր է բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ շարունակական քաղաքականության պայմաններում:

 

Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր:

 

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է վատ վերաբերմունքի կանխարգելումը ազատությունից զրկման վայրերում, այս նպատակով Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը: Կարևորվել է քաղաքացիական հասարակության և անկախ մասնագետների հետ համագործակցությունը՝ որպես արդյունավետ աշխատանքի գրավական:


Ընդգծելով Պաշտպանի հաստատության կանխարգելիչ դերը՝ կողմերը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ իրավունքների պաշտպանության հարցը:
 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել՝ նշված հարցերում համատեղ ծրագրեի իրականացնելու, կարևոր արդյունքներ արձանագրելու համար:


 

 

ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ԼՂ նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները