Իսլամական աշխարհը միշտ կգտնի հուսալի դաշնակցի՝ ի դեմս Ռուսաստանի. Պուտին
Իսլամական աշխարհը կարող է վստահ լինել, որ ի դեմս Ռուսաստանի նա կգտնի հուսալի դաշնակցի, որը պատրաստ է օգնել հրատապ խնդիրների լուծման հարցում: Այդ մասին ասված է «Ռուսաստան - իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի նիստի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, գրում է РИА Новости-ն:
«Ձեր հանդիպման օրակարգն անդրադառնում է կարևոր հարցերի, որոնցից շատերն ուղղակիորեն կապված են այժմ մի շարք մահմեդական երկրներում տեղի ունեցող դեպքերի հետ և, առանց չափազանցության, համաշխարհային ռեզոնանս են առաջացնում»,- ասված է Պուտինի ուղերձում, որն ընթերցվել է Կազանում անցկացվող նիստի ժամանակ:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությամբ ուժեղ հարված է հասցվել ահաբեկիչներին, այնուամենայնիվ, նրանք և նրանց աջակիցները շարունակում են փորձել ապակայունացնել իրավիճակը, բոլոր ուժերով խախտել խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ի դեմս Ռուսաստանի իսլամական աշխարհը միշտ կգտնի հուսալի դաշնակցի: Մենք աջակցում ենք մահմեդական երկրների ակտիվ դիրքորոշմանը միջազգային հարաբերություններում արդարության, իրավունքի գերակայության սկզբունքների ամրապնդման ուղղությամբ»,- նշել է նախագահը:










