Սավչենկոն պատրաստ է Ուկրաինայի նախագահ դառնալ (տեսանյութ)

14:47 • 27.05.16

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցությունից ժողովրդական պատգամավոր, զինծառայող Նադեժդա Սավչենկոն, ում օրերս ներում էր շնորհել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ է Ուկրաինայի նախագահ դառնալ, եթե դա ցանկանան ուկրաինացիները, գրում է УНИАН-ը:

 

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, այդ մասին նա ասել է առաջին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով նախագահ դառնալու իր պատրաստակամության մասին հարցին:


«Եկեք այսպես ասենք. ուկրաինացինե՛ր, եթե ձեզ պետք է, որ ես լինեմ նախագահ, լավ, ես կլինեմ նախագահ: Ես ուղղակի դեռ ամբողջությամբ չեմ հավատում, որ մեզ մոտ մարդիկ սովորել են քվեարկել ոչ հնդկացորենի համար»,- ասել է Սավչենկոն:

 

Նա ասել է, որ չի կարող ասել, որ կցանկանար նախագահ դառնալ, քանի որ սիրում է թռչել:
«Բայց, եթե պետք է, ես կանեմ ամեն ինչ: Եվ եթե պետք է, ես կանցնեմ նաև այդ ճանապարհը: Եվ կաշխատեմ նվիրումով»,- հայտարարել է Սավչենկոն:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սավչենկոն կընդգրկվի Ուկրաինայի գերագույն ռադայի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում։

 

Սավչենկոն Կիև է հասել մայիսի 25-ին։ Բորիսպոլի օդանավակայանում նա լրագրողներին ասել է, որ պատրաստ է վերադառնալ ուկրաինական բանակի շարքեր։ «Ես կարող եմ ևս մեկ անգամ վերադառնալ մարտադաշտ ու կյանքս զոհել հանուն Ուկրաինայի»,- ասել էր նա։

 

Մարտին ռուսական դատարանը Սավչենկոյին 22 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ ռուս լրագրողներ Իգոր Կորնելյուկի ու Անտոն Վոլոշինի սպանության մեղադրանքով։
 

Ռուսաստանը Սավչենկոյին փոխանակել է ՌԴ քաղաքացիներ Եվգենի Երոֆեևի ու Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ մայիսի 25-ին։ Վերջիններս  ձերբակալվել էին 2015 թվականի մայիսի 16-ին՝ Դոնբասում։ Կիևում պնդում են, որ նրանք «ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության մարտիկներ են», սակայն Մոսկվան բազմիցս հերքել է դա։ Ապրիլին դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել ու ազատազրկել։

 

 


 

Սավչենկոն պատրաստ է Ուկրաինայի նախագահ դառնալ (տեսանյութ)