Կարիքի մեջ գտնվող սիրիացիների մեծ մասին չի հաջողվում հումանիտար օգնություն հասցնել. ՄԱԿ

02:14 • 27.05.16

Այս ամսվա ընթացքում Սիրիայի մեկ միլիոն բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու ՄԱԿ-ի ծրագրերը միայն մասամբ են իրականացվել: BBC-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է մարդասիրական օգնության ծրագրի համակարգող Յան Էգելանդը:

 

Վերջինիս խոսքով` օգնություն հաջողվել է հասցնել միայն 160 000 սիրիացիների: «Նույնիսկ այն շրջաններում, որտեղ ամբողջական հավանություն ենք ստացել կառավարությունից, հասնելու համար մեծ ջանքեր են գործադրվել, իսկ այլ վայրերում, որոնց համար ժամանակավոր հավանություն էին ստացել, ինչպես օրինակ Դարայա քաղաքում, մեզ չի հաջողվել հասնել մարդկանց», - հայտնել է Էգելանդը:


Նա նաև նշել է, որ Դարայա և Մուադամիա քաղաքներում բնակվող երեխաները կարող են մահանալ, եթե առաջիկայում նրանց օգնություն չհասցվի:


Ապրիլի վերջին ՄԱԿ-ի ներկայացուցիչները կառավարական զորքերով շրջափակված սիրիական Դարայա քաղաքում տիրող իրավիճակը բնութագրել են որպես սարսափեցնող:


ՄԱԿ-ի գնահատումներով` Սիրիայի դժվար հասանելի վայրերում բնակվող 4.5 մլն սիրիացիներից շուրջ 400 000-ը գտնվում են շրջափակման պայմաններում:


 

Կարիքի մեջ գտնվող սիրիացիների մեծ մասին չի հաջողվում հումանիտար օգնություն հասցնել. ՄԱԿ