Պորոշենկոն նշել է Դոնբասում ընտրություն անցկացնելու նախապայմանները

16:10 • 28.05.16

Ուկրաինան պնդում է, որ Դոնբասում ընտրություն անցկացնելը հնարավոր կլինի միայն սահմանը փակելու, ԵԱՀԿ զինված առաքելություն մտցնելու և անվտանգության հարցերը կարգավորելուց հետո, և որ այլընտրանք լինել չի կարող։

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ մեկնաբանելով ռուս նախագահի դիրքորոշումը։

Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ համաձայն Մինսկի համաձայնագրի՝ անհրաժեշտ է ապակենտրոնացնել Ուկրաինան և օրենք ընդունել՝ Դոնբասի հատուկ կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաև համաներել անջատողականներին։


Սահմանապահի օրվան նվիրված միջոցառումներին Պորոշենկոն հայտարարել է, որ արևելյան սահմանի պաշտպանությունն ու ուկրաինական վերահսկողության վերականգնումը մինսկյան պայմանավորվածությունների կարևոր կետերից են։

«Մինսկյան պայմանավորվածությունները հստակ նախատեսում են ուկրաինական ողջ տարածքից օկուպացիոն զորքերի դուրսբերում և պետական սահմանին ուկրաինական վերահսկողության վերականգնում, ԵԱՀԿ միջազգային առաքելության ուժերի մուտքը, և միայն դրանից հետո, ուկրաինական օրենսդրությամբ, միջազգային դիտորդների, ուկրաինական կուսակցությունների մասնակցությամբ մենք ընտրություններ կանցկացնենք, ինչը հստակ կհամապատասխանի ԵԱՀԿ-ի միջազգային չափանիշներին»,-ասել է նա։

Պորոշենկոն նշել է Դոնբասում ընտրություն անցկացնելու նախապայմանները