Մեզ մոտ կրճատումներ հնարավոր են, բայց կառավարությունը կապ չունի.Վլ. Գասպարյան

11:39 • 28.05.16

Կառավարությունը ոստիկանական բարեփոխումների հետ ինչ-որ  առումով կապ չունի, քանի որ այս համակարգում  բարեփոխումներն իրականացվում են փուլ առ փուլ` որպես անընդհատ պրոցես: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով Սարդարապատում մասնակցում էր Հանրապետության տոնի միջոցառումներին:


Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր են կրճատումներ ոստիկանության համակարգում`  ելնելով վարչապետի հանձնարարականից, Վլադիմիր Գասպարյանն ասաց.«Իհարկե հնարավոր է։ Կառավարությունն այս առումով կապ չունի, մենք բարեփոխումների ծրագիր իրականացնում ենք փուլ առ փուլ, դա անընդհատ պրոցես է: Կենտրոնական ապարատի ավելի պասիվ ծառայություններից տեղափոխում ենք միջոց, դրանց հաշվին են` դպրոցներում ոստիկանները, արտաքին ծառայության ուժեղացումը»:


ՀՀ ոստիկանապետը նաև հավելեց, որ  ուզում է ճշտել` «կրճատումներ» հասկացությունը, այն է` կրճատվո՞ւմ է մեկ այլ տեղից, տեղափոխվում մեկ այլ տե՞ղ:


Հարցին, որ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ  պատգամավորներն այն հարցադրումն էին անում, որ ոստիկանների հստակ թիվ չի նշվում, և տպավորություն է, որ ապրում ենք ոստիկանական երկրում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց.«Ոստիկանների թիվը գաղտնի պահելը կախված չէ ոստիկանապետից, դա սահմանվում է օրենքով և հենց  այն օրենքով, որը ընդունել են հենց այդ պատգամավորները: Ոստիկանապետության մասին կարող են խոսել նրանք, ովքեր սարսափելու և վախենալու տեղ ունեն ոստիկանությունից»:


Անդրադառնալով լրագրող Սիրանույշ Պապյանի կողմից իրեն դատի տալու հանգամանքին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դա նրա իրավունքն է, ինքը ոչ մեկին չի վիրավորել, ընկալման խնդիր է: Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը լրագրողի հարցերից հետո մի պահ ասել էր, որ նրա մեջ կին չի տեսնում:

Անդրադառնալով օրվա խորհրդին և ասույթին, որ «մայիսը հաղթանակների ամիս է», ՀՀ ոստիկանապետը նշեց, որ մայիսը, ինչպես կա, մնացել է որպես հաղթանակների ամիս, սակայն, ըստ նրա, ինչ-որ իմաստով հաղթանակների ամիս է նաև ապրիլը, որովհետև կորուստներից բացի ապրիլը ի ցույց դրեց նաև միաբանում, ինչը պետք է դիտարկել  որպես հաղթանակ: