Ճապոնիայում ծնողները որպես պատիժ 7-ամյա երեխային միայնակ են թողել լեռներում

11:22 • 30.05.16

Ճապոնական Հոկայդո կղզու լեռներում անհետացած 7-ամյա տղայի` Յամատո Տանուկայի ծնողները դիմել են ոստիկանություն` խոստովանելով, որ իրենք միտումնավոր են իրենց որդուն միայնակ թողել լեռներում:


Ինչպես նշում է The Guardian-ը, սկզբում ծնողները դիմել էին իրավապահներին` ասելով, թե իբր իրենց որդին հեծանիվ քշելու ժամանակ կորել է, սակայն ավելի ուշ խոստովանել են, որ նրանք պատժել են 7-ամյա երեխային` նրան մենակ թողնելով վայրի բնության գրկում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այդ տեղանքում բնակվում են մի քանի տեսակի գիշատիչներ` այդ թվում նաև արջեր:



Ծնողները պատմել են, որ տղային մենակ թողնելուց հետո որոշ ժամանակ անց նրանք հետ են վերադարձել, որպեսզի իրենց հետ տանեն երեխային, սակայն վերջինս այլևս իր տեղում չի եղել:

 

Հայտնի է, որ տղան անհետացել է շաբաթ օրը. նրա որոնման աշխատանքներում ներգրավված է 150-ից ավելի փրկարար: