Ռուսաստանի օդանավակայաններից մեկում օրեր շարունակ իր տիրոջը սպասող «Հատիկոն» նոր տեր է գտել

15:21 • 30.05.16

Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի օդանավակայանում մեկ շաբաթից ավելի իր տիրոջ վերադարձին սպասող շունը, որն իր անվիճելի հավատարմության շնորհիվ ստացել է «Հատիկո» մականունը, արդեն նոր տեր ունի, հայտնում է lenta.ru-ն:

 

«Սոցկայքերի օգտատերերի միջոցով մեզ հաջողվեց գտնել շան իրական տիրոջը, սակայն նա հրաժարվեց կենդանուց»,- պատմել է լքված կենդանիների «Հույսի կղզյակ» ապաստարանի տնօրեն Մարինա Նիկոլենկոն` հավելելով, որ շունն արդեն նոր տեր ունի` ի դեմս օդանավակայանի անվտանգության աշխատակիցներից մեկի, ով ամենասկզբից շատ էր հավանել կենդանուն:



Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, շանն օդանավակայանում է թողել տերը, ով բավական գումար չի ունեցել նրա տեղափոխման համար և բացակայել են անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Աղբյուրը հավելում է, որ Հատիկոն ակիտա ինու տեսակի շուն էր, որը Ճապոնիայում հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ է համարվում: 1920-ական թվականներին այս կենդանին ամեն օր իր տիրոջը ճանապարհել է աշխատանքի ու գնացքի կայարանում սպասել նրա վերադարձին: 1925թ. տղամարդը մահացել է սրտի կաթվածից, սակայն Հատիկոն շարունակել է կայարանում սպասել նրան:

 

Այդպես հավատարիմ չորքոտանին 9 տարի սպասել է նույն վայրում` մինչև որ 1935թ. սատկել է: 2009թ. այս սրտառուչ պատմության հիման վրա Հոլիվուդում նկարահանվել է «Հատիկո. ամենահավատարիմ ընկերը» ֆիլմը` Ռիչարդ Գիրի մասնակցությամբ:
 

 

 

Ռուսաստանի օդանավակայաններից մեկում օրեր շարունակ իր տիրոջը սպասող «Հատիկոն» նոր տեր է գտել