ՀՀՊ համակարգի տեղակայումը Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատասխանն է. Լեհաստանի ԱԳՆ

16:39 • 30.05.16

Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հայտարարել է, որ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատասխանն է, գրում է gazeta.ru-ն:

 

«Սպառնալիքների Ռուսաստանը դիմում է արդեն երկար տարիներ: Հակահրթիռային պաշտպանությունը դրա պատասխանն է, ամերիկյան զորքերի ներկայությունը դրա պատասխանն է: Մենք չենք կայացնում որոշումներ, որոնց Ռուսաստանը պատասխանում է: Դա Ռուսաստանն է փոխում միջազգային հարաբերությունների բնույթը: Դա Ռուսաստանն է ձգտում Եվրոպայում անվտանգության ճարտարապետության ռադիկալ փոփոխությունների: Դա մենք ենք պատասխանում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»,- հայտարարել է Վաշչիկովսկին:

 

Դիվանագետը, միևնույն ժամանակ, նշել է, որ Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն ունենալու է խորհրդանշական բնույթ, այլ ոչ ագրեսիվ:

 

Վաշչիկովսկին պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, ով ասել էր, որ Մոսկվան ստիպված է լինելու արձագանքել Եվրոպայի արևելքում ԱՄՆ ՀՀՊ համակարգի տեղակայմանը, քանի որ դրանում պոտենցիալ վտանգ է տեսնում:

ՀՀՊ համակարգի տեղակայումը Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատասխանն է. Լեհաստանի ԱԳՆ