Արևմտյան պատժամիջոցների նպատակը Ռուսաստանին ծնկի բերելը չէ. Sueddeutsche Zeitung
Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը պետք է երկարաձգվի այնքան ժամանակ, մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկատարի Ուկրաինայի հարցով Մինսկում ձեռք բերված համաձայնությունների իր մասը:
«Ցանկություն կա հույս ունենալ, որ մինչ այդ պահը պատժամիջոցները եվրոպական միասնության հուսադրող նշան կմնան»,- գրում է Sueddeutsche Zeitung-ի վերլուծաբան Դանիել Բրեսլերը:
«Երկու տարի առաջ ԵՄ-ն զարմացրեց ոչ այնքան նախագահ Պուտինին, որքան ինքն իրեն: Բոլոր 28 երկրները, այս կամ այն չափով ցնցված միջազգային իրավունքի նորմերի Մոսկվայի խախտումից, պայմանավորվեցին Կրեմլին արժանի պատասխան տալ: ԵՄ-ն Ռուսաստանի դեմ զգալի տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, որոնց գործողությունն ավելի ուշ կապվեց Մինսկի համաձայնությունների իրականացման հետ»,- հիշեցնում է հեղինակը:
Ամենասկզբից հակառուսական պատժամիջոցներն իրենց առաջ նպատակ չեն դրել լուրջ վնաս հասցնել ռուսական տնտեսությանը, դրանք պետք է զգալի ազդեցություն թողնեին ռուսական պետության վրա, նշում է Բրեսլերը:
«Ռուսաստանի քաղաքացիների համար շատ ավելի զգալի դարձան իրենց սեփական ղեկավարության կողմից պատասխան քայլերը, այդ թվում՝ ԵՄ-ից միրգ- բանջարեղենի ներմուծման արգելքը»,- գրում է նա:
Բրեսլերը համաձայն է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի հետ. ով ընդգծում է, որ պատժամիջոցների նպատակը ոչ թե «Ռուսաստանին ծնկի բերելն է», այլ ընդամենը Պուտինին դրդելը՝ իրականացնել Մինսկի համաձայնությունների իր մասը:










