Տուլայում ավտոբուսը վթարվել է խոտանի պատճառով, այնինչ, ըստ նախաքննության, վթարի միակ մեղավորը վարորդն է. պաշտպան

12:05 • 30.05.16

2015 թվականին Տուլայի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի միակ մեղավորը, ըստ նախաքննության մարմնի՝ վարորդն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Մոսկվայից ժամանած «ARMROSS»  ռուս-հայկական իրավաբանների ասոցիացիայի փաստաբան Կարեն Ներսիսյանը, որը վթարված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի պաշտպանն է:


«Նախաքննության կարծիքով վթարի միակ մեղավորը վարորդն է, հայկական «Քինգ դե Լյուքս» ընկերությունը ոչ մի կապ չունի: Մի խուլ, աչքից հեռու քաղաքում այդ դատավարությունն ընթանում է, երկու օրից արդեն դատական 5-րդ նիստը կլինի: Խախտվում է այն, ինչ հնարավոր է խախտել»,- հայտարարեց Կարեն Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ Տուլայի մարզի Ուզլովսկ  քաղաքի մոտ Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող ավտոբուսի վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ՀՀ 9 քաղաքացի, բազմաթիվ ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել։

 

Պաշտպանի խոսքով՝ ավտոբուսը վթարվել է այն պատճառով, որ ունեցել է գործարանային խոտան, ընթացքում կոտրվել է արգելակային մասը, և տեղի է ունեցել վթարը, սակայն, ըստ նրա, դատական մարմինն անում է ամեն ինչ, որ հասարակության աչքից այդ կարևոր դետալը դուրս մնա:


«Ռուսաստանի իրավապահ մարմիններն աչքի չեն ընկել իրենց ազնվությամբ, և ավտոբուսն արտադրող «Խայգեր» ընկերության չինացի ձեռներեցները կարողացել են հարցը լուծել իրենց օգտին: Անցած տարվա տվյալներով միայն այդ ավտոբուս արտադրող ընկերությունը 15 միլիարդ դոլարի շրջանառություն է ունեցել Ռուսաստանում»,- ասաց պաշտպան Կարեն Ներսիսյանը:


Փաստաբանն ասաց նաև, թե դատավարության ընթացքում կոպտորեն խախտվում են գործով տուժողների շահերը:


«Տուժողների դերը նման գործերի մեջ հսկայական է: Ըստ մեղադրական եզրակացության, գործում կա 21 տուժող, որոնցից 9-ը մահացել են: Հայկական դեսպանատունը տուժողների շահերը ներկայացնելու համար դիմել է փաստաբանի, որն ազգությամբ եզդի է և 18 հատոր քրեական գործի մեջ ոչ մի հայտարարություն, ոչ մի հայցագիր չի ներկայացել։ Նա ծանոթ չէ նույնիսկ տուժողներին: Այդ փաստաբանը չգիտի նաև, թե տուժողներից ով է կենդանի, ով՝ մահացած»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Ներսիսյանը՝ հավելելով, որ արդեն 5-րդ նիստն է, սակայն որևէ տուժող ներկա չի լինում դատավարությանը:


Փաստաբանն ասաց նաև, թե Ռուսաստանի այսօրվա դատական համակարգը նախնադարյան համակարգ է, և ռուսաստանյան դատարանում արդարություն գտնելը բացառված է: «Տուժողներից որևէ մեկը չգիտի, որ դատավարություն է ընթանում, չգիտեն, որ իրենք կարող են հայց ներկայացնել: Ամեն ինչ արվել է, որ տուժողների իրավունքները չպաշտպանվեն»,- նշեց Կարեն Ներսիսյանը:


Ինչ վերաբերում է վարորդի մեղավորությանը, վարորդի պաշտպանն ասաց, թե ավտոբուսի ուղևորներից վկաներ կան, ովքեր վթարի ժամանակ արթուն են եղել և փաստում են, որ վարորդը քնած չի եղել:


«Դա ի սկզբանե մեկին ձեռնտու է եղել, որ նման լուրեր տարածեն, թե վարորդը քնած է եղել»,- ասաց վարորդի պաշտպան Կարեն Ներսիսյանը՝ հավելելով նաև, որ իրենք տվյալներ ունեն, թե այդ ավտոբուսներն արտադրված են եղել փորձնական օգտագործման համար՝ ընդամենը երեք հատ:


Պաշտպանն ասաց, թե դիմել են Հայաստանի քննչական մարմիներին, որպեսզի վերջիններս պարզեն ավտոբուսի անսարքության հանգամանքը:


Կարեն Ներսիսյանն ասաց նաև, թե պահանջում են համալիր փորձաքննություն,որպեսզի պարզվեն գործով բոլոր մանրամասները: