Թունիսցի երիտասարդը նվաճել է Էվերեստը

20:25 • 30.05.16

Թունիսցի լեռնագնաց Թահար Մանային կարողացել է նվաճել աշխարհի ամենաբարձր կետը` Հիմալայան լեռնաշղթայում գտնվող Էվերեստը:  

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 26-ամյա երիտասարդի ուղևորությունը սկսվել է Նեպալից: Թունիսցին վտանգավոր ուղևորությունն իրականացրել է ոչ թե միայնակ, այլ` խմբով: Ճանապարհին նա բախվել է բազում դժվարությունների, որոնցից, թերևս, ամենավտանգավորն այն էր, երբ թթվածնով լի բալոնը ցած է գլորվել` թունիսցուն թողնելով առանց թթվածնի:

Բարեբախտաբար, թիմակիցներից մեկը համաձայնել է լեռնագնացին օգնել` թույլ տալով օգտվել իր թթվածնի բալոնից:

«Երբ գագաթին մնացել էր ընդամենը 10 մետր, ես սկսեցի արտասվել: Այդ պահին Նեպալը, Տիբեթն ու ողջ աշխարհը ոտքերիս տակ էին: Արտասվելուց հետո առաջին բանը, որ արեցի, Թունիսի դրոշն Էվերեստի գագաթին ամրացնելն էր»,- ասել է նա։

Էվերեստը մեր մոլորակի ամենաբարձր լեռն է՝ 8.848 մ։

 

Թունիսցի երիտասարդը նվաճել է Էվերեստը