Թուրքիան առաջարկում է ԱՄՆ-ին «երկրորդ ճակատը» բացել Սիրիայում՝ առանց քրդերի մասնակցության
Անկարան առաջարկել է ԱՄՆ-ին «միավորել Սիրիայում ջանքերը»՝ պայմանով, որ դրան չեն մասնակցի քրդերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է РИА Новости-ն:
«Եթե մենք միավորենք մեր ջանքերը, նրանք (ԱՄՆ-ն) ունեն իրենց հատուկ նշանակության ուժերը, իսկ մենք՝ մերը»,- հայտարարել է Չավուշօղլուն, որի խոսքերն է մեջբերում France-Presse-ը:
«Հարցը, որ մենք այժմ քննարկում ենք ամերիկացիների հետ, Մանբիջ քաղաքի մոտակայքում շրջանի հնարավորինս շուտ փակումն է… և երկրորդ ճակատի բացումը: Երկրորդ ճակատը պետք է լինի առանց Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության»,- հավելել է դիվանագետը:
Նախարարը նշել է, որ նման «երկրորդ ճակատը» կարելի է «հեշտությամբ» ուղղել Սիրիայում ԻՊ-ի «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ:
Այժմ քաղաքի գրոհն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնք հիմնականում բաղկացած են քրդերից: Գրոհին աջակցում է ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան, որը գրոհայինների ուղղությամբ օդային հարվածներ է հասցնում:










