Թուրքիան ու Ռուսաստանը հարկավոր են միմյանց. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիան և Ռուսաստանը հարկավոր են միմյանց։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին (մինչ ռուսական Սու-24-ի խոցման հետ կապված միջադեպը) Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում էին բազմաթիվ ոլորտներում:
«Թուրքիան, ինչպես և նախկինում, հայտարարում է, որ այն պահին, երբ կործանվել է ռուսական Սու-24-ը, Անկարան չի իմացել, թե ում է պատկանում այդ ռմբակոծիչը»,- ասել է Քուրթուլմուշը:
Փոխվարչապետը նաև հույս է հայտնել, որ Անկարան և Մոսկվան երկխոսության ճանապարհով կկարողանան կարգավորել հարաբերություններում ճգնաժամը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում դրական տեղաշարժ է նկատվում: Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և առաջարկում է դրա համար աշխատանքային խումբ ստեղծել։
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի աշնանից, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել՝ այդ թվում արգելելով մի շարք ապրանքների ներմուծումն նու ռուս զբոսաշրջիկների մեկնումը Թուրքիա։










