Ռուսաստանում բնակելի շենքի մի հատվածը փլուզվել է. կա զոհ և տուժածներ (տեսանյութ)
Ռուսաստանի Կեմերովի մարզի Մեժդուրեչենսկ քաղաքում փլուզվել է 5 հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը: РИА Новости-ի հաղորդմամբ` միջադեպի հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս երեքը տուժել են:
Տեղի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի խոսքով` փլվածքի տակ կարող է մոտ 10 մարդ մնացած լինել: Բեկորները հեռացնելու աշխատանքներին մասնակցում են 179 փրկարար և 39 միավոր տեխնիկա:
Նշվում է, որ փրկարարներին արդեն հաջողվել է մեկ մարդու անվնաս դուրս բերել փլատակների տակից: Որոնողափրկարարական ջոկատի ներկայացուցիչը հայտնել է, որ փլուզումների վտանգ դեռևս չկա:
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով` տուժել են 16 բնակարաններ, որոնց կեսն ամբողջովին ավերվել է:
Քննչական հանձնաժողովի տեղի վարչությունը քրեական գործ է հարուցել` շինարարական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները խախտելու մասին հոդվածով:










