Airbus-ը «սև արկղերի» այլընտրանքներ է մշակում

23:43 • 31.05.16

Airbus  ինքնաթիռաշինական ընկերությունը մտադիր է ներդրում կատարել ավիավթարների դեպքում տեղեկություն ստանալու  այլընտրանքային միջոցներ մշակելու գործում: 

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը` եվրոպական ընկերությունը նման որոշում է կայացրել Միջերկրական ծովում եգիպտական ավիաընկերության A320-ի ավիավթարից հետո, որի «սև արկղերը» գտնել դեռևս չի հաջողվել:

Ընկերության տեխնիկական բաժնի տնօրեն Շառլ Շամպիոնի խոսքով՝ Airbus-ը երկու կոնցեպտ է դիտարկում: Դրանցից մեկը ենթադրում  է թռիչքի ժամանակ տեխնիկական չափորոշիչների մոնիթորինգի համակարգի ստեղծումը: Խնդիրների առաջացման պարագայում ինքաթիռը ավտոմատ կերպով  կսկսի առավել մանրամասն տվյալներ հաղորդել, որոնք հետագայում կօգնեն քննիչներին վերականգնել աղետի պատկերը:

Որպես այլընտրանքային տարբերակ դիտարկվում է նաև հավելյալ ինքնագրիչների տեղադրումը, որոնք անջատվում են ինքնաթիռից, երբ այն ընկնում է ջուրը և մնում են ջրի երեսին: Boeing-ը նման համակարգ կիրառում է ռազմական ինքնաթիռներում, սակայն դեմ է ուղևորատար օդանավերում դրա կիրառմանը` դրա հուսալիության կասկածների պատճառով:


 

Airbus-ը «սև արկղերի» այլընտրանքներ է մշակում