«Միսս Թուրքիա-2006»-ը պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ Էրդողանին վիրավորելու համար
Թուրքական դատարանը 27-ամյա մոդել, «Միսս Թուրքիա-2006» Մերվե Բյույուքսարաչին 14 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։
Մոդելը ձերբակալվել էր Instagram-ում 2014 թվականին արած երգիծական գրառման համար։
Դատախազությունը վիրավորական է համարել նրա՝ այն ժամանակ դեռևս վարչապետ Էրդողանի հասցեին արած գրառումը։
Բյույուքսարաչը դատարանում հայտնել էր, որ այն բանաստեղծությունը, որով կիսվել է ինքը, 960 հազար մարդ է տարածել։ «Մեկնաբանություններն ինձ չեն պատկանում»,- ասել էր նա։
Դատավորի հարցին, թե արդյոք զղջո՞ւմ է արածի համար, մոդելն ասել է. «Ցավում եմ, որ իմ տարածած նյութը որպես վիրավորանք է ընկալվել»։










