Ռիո դե Ժանեյրոյում դպրոցականները կկարողանան լավ ուսման դիմաց Օլիմպիադայի անվճար տոմս ստանալ
Ռիո դե Ժանեյրոն կգնի Օլիմպիական և Պարօլիմպիական խաղերի ավելի քան 500 հազար տոմս, հաղորդում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Պեդրու Պաուլուն, դրանք կբաշխվեն պետական ծառայողների, լավ առաջադիմությամբ դպրոցականների և սահմանափակ հնարավորություններով մարդկանց միջև:
Պաշտոնյայի խոսքով՝ այդ նախաձեռնության նպատակներից մեկը Պարօլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրը լուծելն է: Դրանք դեռ չունեն մեծ պահանջարկ: Ներկա դրությամբ երկրպագուները գնել են միայն տոմսերի մեկ երրորդը, մինչդեռ Օլիմպիական խաղերի համար այդ ցուցանիշը կազմում է ավելի քան 60 տոկոս:
Բոլոր տոմսերը կբաշխվեն նախապես հաստատված չափորոշիչների համաձայն: Օրինակ՝ պետական հանրակրթական հաստատությունների աշակերտները կստանան այդ հնարավորությունը միայն այն դեպքում, եթե անցած կես տարվա ընթացքում ստացել են բացառապես լավ գնահատականներ:
XXXI-րդ ամառային Օլիմպիադան կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի օգոստոսի 5-21-ը:










