ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 14 մլն եվրո վճարել Հունաստանի քաղաքացուն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 31-ին վճռել է, որ Թուրքիան պետք է մոտ 14 միլիոն եվրո վճարի Մարիա Չիրոպուլոսին՝ ժառանգության հետ կապված գործով, գրում է Hurriyet Daily News-ը:
Հունաստանի քաղաքացի Էֆրոսինի Յանոպուլուն ցանկացել է իրեն որպես Ստամբուլի Էթիլեր թաղամասում սեփականության ժառանգ գրանցել իր մոր՝ Մարիա Յանոպուլուի մահվանից հետո, սակայն դատարանը մերժել է նրան՝ «Հունաստանի քաղաքացիների սեփականություն ունենալու իրավունքի բացակության» պատճառով:
Չիրոպուլոսը դարձել է Էֆրոսինի Յանոպուլուի ժառանգը 2009 թվականին նրա մահվանից հետո և շարունակել է գործը:
Դատարանը վճռել է, որ տեղի դատարանների կողմից Էֆրոսինի Յանոպուլուին որպես ժառանգ ճանաչելու փաստը մերժելը խախտել է իր գույքից օգտվելու նրա իրավունքը:
Թուրքիան ընդհանուր առմամբ կվճարի 14.325 միլիոն եվրո Չիրոպուլոսին՝ ներառյալ նյութական վնասների, ոչ նյութական վնասների և ծախսերի փոխհատուցումը:










