Ֆլորենցիայի դատարանն անփոփոխ է թողել Costa Concordia-ի նախկին նավապետի դատավճիռը

00:46 • 01.06.16

Ֆլորենցիայի Վերաքննիչ դատարանը երեքշաբթի հաստատել է 2012-ի հունվարին խորտակված Costa Concordia  զբոսանավի նախկին նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի դատավճիռը: 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով իտալական «Անսա» գործակալությանը, առաջին ատյանի դատարանը Սկետինոյին դատապարտել էր 16 տարվա ազատազրկման:

Դատավճռի հրապարակման պահին դատարանի դահլիճում տեսախցիկներ չեն եղել, քանի որ դատարանը մերժել էր հեռուստաալիքների խնդրանքը նիստի նկարահանումներ անցկացնելու մասին: Դատարանում  ներկա չի եղել նաև Սկետինոն, ով դատավճռի կայացմանը սպասում էր իր տանը:

Վերաքննիչ գործընթացը նավաբեկության գործով սկսվել էր ապրիլի 28-ին: Դատախազությունը Սկետինոյի համար 27 տարի էր պահանջել: Առաջին ատյանի դատարանը վճիռը կայացրել էր 2015-ի փետրվարին:

Costa Concordia զբոսանավը  ստորջրյա խութերին է բախվել 2012-ի հունվարի 14-ի գիշերը` Տոսկանայի ափերին: Նավում ավելի քան 4200 ուղևոր և անձնակազմի անդամ  է գտնվել: Նավաբեկության հետևանքով 32 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը` տուժել:


 

Ֆլորենցիայի դատարանն անփոփոխ է թողել Costa Concordia-ի նախկին նավապետի դատավճիռը