Երեխաների խնդիրները հիմնականում կապված են ալիմենտների, տեսակցությունների հետ. փաստաբան
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ երեխաների պաշտպանության խնդիրներին: Նա ասաց, որ որքան էլ օրենսդրական կարգավորումներ լինեն, հիմնական մեծ բեռն ընկնում է ընտանիքում բարոյական փոխհարաբերությունների վրա:
«Ընտանեկան օրենսդրությունը և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները բավարար են, թեև պրակտիկ կիրառության մեջ խնդիրներ լինում են»,- ասաց նա:
Փաստաբանն ասաց, որ հիմնականում երեխաների խնդիրները կապված են ալիմենտների, տեսակցությունների հետ: Նա նշեց, որ վերջերս հանդիպել է մի դեպքի, երբ ծնողները մի տարածքում չեն կարողանում հաղորդակցվել իրար հետ և արդյունքում երեխան վատ հոգեվիճակում է հայտնվում:
Նա ասաց, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքեր հաճախ չեն լինում: «Մենք մենթալիտետով տարբերվում ենք, որ երեխաներին աստվածացնում ենք, հետևաբար բռնությունները շատ չեն: Ընտանեկան իրավունքը և երեխաների պաշտպանության ոլորտը նուրբ են, և կտրուկ լուծումներ չպետք է տանք»,- ասաց նա։










