Փարիզում բնապահպանական նկատառումներով հին մեքենաներին կարգելեն երթևեկել
Մինչև 1997 թվականն արտադրված մեքենաները և մինչև 2000 թվականի մայիսն արտադրված մոտոցիկլետները հուլիսի 1-ից Փարիզում օրենքից դուրս կհամարվեն՝ բնապահպանական նկատառումներով, հաղորդում է Echos թերթը:
Փարիզի իշխանությունների որոշման համաձայն՝ շրջանառության մեջ կդրվեն դիմապակու վրա փակցնելու համար նախատեսված նոր պիտակներ, որոնք կպարունակեն եվրոպական դասակարգման համաձայն տրանսպորտի արտանետումների մակարդակի վերաբերյալ տեղեկատվություն։
Հաղորդվում է, որ պիտակի գույնից կախված՝ ավտոմեքենան կստանա հնարավորություն մտնելու քաղաքի այս կամ այն հատվածը: Քաղաքի գոտիների բաժանումը կլինի ինչպես որոշ հատվածներում մշտական, այնպես էլ ժամանակավոր բնույթի. մուտքի սահմանափակումներ կկիրառվեն այն օրերին, երբ Փարիզում օդի աղտոտվածությունը հատկապես բարձր կլինի:
Սկզբնական փուլում՝ հուլիսից մինչև սեպտեմբեր, նոր օրենքի իրավախախտների նկատմամբ չեն կիրառվի տուգանքներ, սակայն արդեն հոկտեմբերի 1-ից պահանջները չկատարող վարորդները ստիպված կլինեն վճարել 35 եվրո: Հետագայում՝ 2017 թվականի հունվարից, տուգանքի չափը ևս մեկ անգամ կավելանա՝ մինչև 78 եվրո մեքենաների համար և մինչև 135 եվրո բեռնատարների համար:










