Տաքսու վարորդին սպանելու մեջ մեղադրվողն այսօր մեղայականով ներկայացել է ոստիկանություն (լուսանկարներ)

19:48 • 01.06.16

Դանակի հարվածով Երևանի կենտրոնում տաքսու վարորդին սպանելու մեջ մեղադրվողն այսօր մեղայականով ներկայացել է ոստիկանություն. այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
 

Ըստ ոստիկանության՝  48-ամյա Արսեն Խանամիրյանին սպանելու մեջ մեղադրվողը Երևանի բնակիչ, 28-ամյա Վահրամ Վերանյանն է։

«Վահրամ Վերանյանն այսօր ժամը 15։30-ին մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել  խոստովանական ցուցմունք»,-նշեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ նա կալանավորվել է և կատարվում է նախաքննություն:

Ոստիկանությունից նաև որոշ մանրամասներ տեղեկացրին, որ Վահրամ Վերանյանն իջնելով մեքենայից՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տաքսու վարորդ 48-ամյա Արսեն Խանամիրյանին։ Տղամարդը որովայնի և կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Նիվայի» վարորդի, ուղևորի ու տաքսու վարորդի միջև, որի հետևանքով տաքսու վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն։

Տաքսու վարորդին սպանելու մեջ մեղադրվողն այսօր մեղայականով ներկայացել է ոստիկանություն (լուսանկարներ)