Թաիլանդի տաճարներից մեկում վագրի 40 սատկած ձագ է հայտնաբերվել (լուսանկար)
Թաիլանդի բուդդիստական տաճարներից մեկում, որը կրում է «Վագրի տաճար» անվանումը, հայտնաբերվել է վագրի 40 սատկած ձագ, որոնք գտնվել են այնտեղ տեղադրված սառնարանային խցերից մեկում:
Ինչպես հայտնում է bbc.com-ը, այս տաճարի հասցեին վերջին շրջանում հաճախակի են հնչում մեղադրանքներ` կապված վայրի կենդանիների ապօրինի վաճառքի հետ:
Երկուշաբթի տեղի ոստիկաններն ու բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրականացրել են հատուկ օպերացիա, որի նպատակն է եղել տաճարից հեռացնել այնտեղ ապրող բոլոր վագրերին: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 4 տասնյակ սատկած ձագ, որոնք եղել են ընդամենը մի քանի օրական:
Հայտնի է, որ վագրերի միսն ու ոսկորները լայնորեն կիրառվում են չինական ավանդական բժշկության մեջ ու վաճառվում են բավական բարձր գնով: Իրավապահների փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Վագրի տաճարն» ակտիվ զբոսաշրջային կենտրոն է, որտեղ 130-ից ավելի վագրեր բնակվում են վանականների հետ: Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն լողալ գիշատիչ կատվազգիների հետ, ձեռքով կերակրել նրանց ու խաղալ հետները:













