Հուսով ենք՝ նախագահների հանդիպումը կկայանա հունիսին. Ուորլիք

14:02 • 01.06.16

ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսին։

 

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքը։

 

«Կարևոր բանակցություններ են անցկացվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցով։ Մենք ակնկալում ենք, որ նախագահները կհանդիպեն հունիսին»,-գրել է Ուորլիքը։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։

 

Ինչպես նշվել էր ԵԱՀԿ կայքում տեղադրված Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ.  «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը»:

Հուսով ենք՝ նախագահների հանդիպումը կկայանա հունիսին. Ուորլիք