Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում քաղաքական երկարատև ճգնաժամ է սպասվում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ձեռքբերում է համարում: Նա նշեց, որ սա Թուրքիային զսպելու գործոն է:
«Ես կարծում եմ, որ հայկական կողմը բավական շահեկան ձևով կարող է օգտագործել այս հանգամանքը՝ Թուրքիայի ակտիվությունը ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդհանրապես, ճնշելու և վերահսկողության տակ պահելու համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Բունդեսթագի պատգամավորները գրեթե միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:
«Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում քաղաքական ճգնաժամ է սպասվում, ինչը բավական երկարատև է լինելու, որովհետև երկու երկրների հարաբերություններում առանձնապես դժվարություններ կային, և նման բանաձև ընդունելով՝ Գերմանիան լուրջ սահմանափակումներ է դնում Թուրքիայի առաջ»,-ասաց նա և նշեց, որ միանշանակ Թուրքիան փորձելու է իր ողջ պոտենցիալն ուղղել Գերմանիայի իշխանությունների համար դժվարություններ ստեղծելուն:
Քաղաքագետն ասաց, որ հենց Գերմանիայի կողմից նման բանաձևի ընդունումը Թուրքիայի համար լուրջ խնդիրներ է առաջացնում՝ ոչ միայն Գերմանիայի հետ հարաբերություններում, այլ նաև Եվրոպայի:
Նա Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը կարևորեց հատկապես Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակականության տեսակետից:
«Սա խոսում է այն մասին, որ անգամ 101 տարի անց Ցեղասպանության հարցը շարունակում է մնալ կարևոր քաղաքական գործոն»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ իհարկե հասկանում է, որ Գերմանիան իր քաղաքական խնդիրներն ունի, սակայն կարևորն այն է, որ հայկական հարցը՝ որպես քաղաքական գործոն, շարունակում է հզորանալ արևմուտքում:
«Սակայն կա հարցի բարոյական կողմը, և բարոյական տեսակետից մի պետության կողմից ճանաչելը, որն ըստ էության եղել է ցեղասպանագործ Թուրքիայի դաշնակիցն այդ տարիներին և ինչ-որ չափով պատասխանատվություն է կրում դրա համար, բավական կարևոր փաստ է: Այսինքն` մենք արդեն հասել ենք այն աստիճանի, որ Ցեղասպանությունը ճանաչում են պետություններ, որոնք մեղքի իրենց մասնաբաժինն են ունեցել: Ես կարծում եմ, որ այս գաղափարը պետք է զարգացնել»,-ասաց նա և նկատեց, որ Գերմանիան բավական երկար տարիներ խուսափում էր այդ մասին խոսելուց:










