Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լույս է սփռում Էրդողանի ժխտողականության հարցում Օբամայի հանցակցության վրա. ANCA

17:18 • 02.06.16

Գերմանիայի Բունդեսթագում այսօր տեղի ունեցած պատմական քվեարկությունը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, լույս է սփռում Թուրքիայի ժխտողականության հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակվող հանցակցության վրա: Այդ մասին նշված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարությունում:

 

«Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն է՛լ ավելի ուժեղ է դարձել այս դեռևս չպատժված հանցագործությունում Գերմանիայի դերն ազնվորեն ընդունելով, է՛լ ավելի է մեկուսացնում Թուրքիային՝ միևնույն ժամանակ կենտրոնացնելով ուշադրությունն Օբամայի վարչակազմի վրա՝ որպես առաջատար միջազգային ուժի, որը կանգնած է Անկարայի ցեղասպանության ժխտողականության արշավի հետևում»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

«Դեռ ժամանակ կա ԱՄՆ նախագահ Օբամայի համար հետևելու Գերմանիայի օրինակին և  մերժելու Թուրքիայի հրահանգները՝ ազնվորեն խոսելով Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է նա։

 

«Բունեսթագի քվեարկությունը գրեթե միաձայն էր: Պատմական քվեարկությանը նախորդած մոտ մեկ ժամ տևած քննարկման ժամանակ գերմանացի խորհրդարանականները խոսել են հօգուտ այդ քայլի, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և քրիստոնյա այլ փոքրամասնությունների դեմ իրականացված հանցագործությունները»,- հավելել է Արամ Համբարյանը։

 

Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լույս է սփռում Էրդողանի ժխտողականության հարցում Օբամայի հանցակցության վրա. ANCA