Հայերը հուզված են, քոչարի են պարում Բունդեսթագի դիմաց. եկեղեցական համայնքի ղեկավար տեր Գնել քահանա Գաբրիելյան (տեսանյութ)
Գերմանիայում եկեղեցական համայնքի ղեկավար տեր Գնել քահանա Գաբրիելյանը Tert.am-ին պատմեց, թե ինչ է կատարվում գերմանական Բունդեսթագի դիմաց՝ Բունդեսթագի պատգամավորների կողմից քիչ առաջ գրեթե միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ։
«Այս պահին Բունեսթագի դիմաց են հավաքվել հարյուրավոր հայեր և պարում են հայկական քոչարին»,-Tert.am-ի հետ զրույցում պատմեց Գերմանիայում հոգևոր հովիվ, եկեղեցական համայնքի ղեկավար տեր Գնել քահանա Գաբրիելյանը: Նա նշեց, որ միշտ էլ սպասումներ ունեցել են, որ Բունդեսթագը կքվեարկի ցեղասպանության ճանաչման օգտին, հիմա էլ անչափ ուրախ են, հուզված, որ վերջապես վերականգնվեց պատմական արդարությունը:
Տեր Գնելը նկատեց, որ կարծես թե օրինագծին կողմ են քվեարկել անգամ Բունդեսթագի թուրք պատգամավորները:
Մեր հարցադրմանը, թե արդյոք Բունդեսթագի դիմաց կա՞ն թուրք համայնքի ներկայացուցիչներ, հնարավո՞ր է՝ խնդիրներ լինեն հայ և թուրք համայնքների ներկայացուցիչների միջև, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դեռ նման բան չի նկատել:










