Ներդրված PBN համակարգն առավել անվտանգ կդարձնի թռիչքները և կկրճատի թռիչքուղիները. Հայաէրոնավիգացիայի ղեկավար
Մայիսի 26-ից Հայաստանում ներդրվել է աերոնավիգացիայի PBN նոր համակարգը, որը համապատասխանում է քաղավիացիայի միջազգային կազմակերպության «ICAO» պահանջին: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Հայաէրոնավիգացիայի ղեկավար Արթուր Գասպարյանը, դա ոչ միայն ավելի անվտանգ կդարձնի թռիչքները, այլև կօգնի լեռնային բարդ գոտիներում կրճատել թռիչքուղիները:
Tert.am-ի հարցին, թե համակարգի ներդրումը կազդի՞ ավիատոմսերի գների վրա, Գասպարյանն ասաց, թե պետք է որ ազդի, քանի որ եթե օդանավ շահագործողները ավելի կարճ թռիչքուղով թռչեն և ավելի քիչ վառելիք ծախսեն, պետք է էժանացումներ լինեն:
Նշենք, որ այսօր Երևանում մեկնարկել է Եվրասիա կոորդինացիոն խորհրդի և փորձագետների համատեղ խորհրդակցությունը, որին մասնակցում են Ռուսաստանի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ավիոնավիգացիոն ընկերությունների ղեկավարները։
Ըստ Արթուր Գասպարյանի՝ Զվարթնոց օդանավակայանում այսօր օրական օդ է բարձրանում 35 ինքնաթիռ և նույնքան էլ վայրէջք է իրականացնում:
«Տարանցիկ թռիչքները մոտ երկու տարի առաջ եղել են 120-ը, սակայն այսօր Ուկրաինայի օդային տարածքի փակ լինելու պատճառով Հայաստանը ևս տուժել է, և տարանցիկ թռիչքները նկատելի կրճատվել են»,-ասաց նա և նշեց, որ տարանցիկ թռիչքների նվազման վրա բացասաբար ազդել է նաև քառօրյա պատերազմը և այսօր այդ թռիչքները կազմում են օրական 35-40՝ նվազելով կիսով չափ:
Նա նաև հույս հայտնեց, որ Ղարաբաղի հակամարտությունում վերջնական խաղաղություն ձեռքբերման արդյունքում տարանցիկ թռիչքների թիվը կվերականգնվի:
Tert.am-ի հարցին, թե այս ծրագրի ներդրմամբ կբացառվե՞ն Սոչիի կամ Իրանի օդանավերի կործանման դեպքերը, Գասպարյանն ասաց, որ ծրագիրը շատ մեծ քայլ է անվտանգության ապահովման ուղղությամբ, որը կօգնի նման խնդիրների չեզոքացմանը:
Արթուր Գասպարյանի խոսքով՝ անգամ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի հետ օդային սահմանը չի փակվել:
«Այսօր Ադրբեջանի հետ ունենք չորսից հինգ միջազգային կետ սահմանի վրա, որով երթուղիներն անցնում են, Թուրքիայի հետ ունենք երկու կետ, և տարանցիկ չվերթները առանց խնդիրների անցնում են այդ տեղերով: Ոչ մի անգամ խնդիր չի եղել մեր և Ադրբեջանի, մեր և Թուրքիայի կարգավարների հետ: Իրար հետ՝ Բաքվի և Երևանի կարգավորները նորմալ աշխատում են»,-ասաց նա:










