Արթուր Աբրահամը հպարտ է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար

22:35 • 03.06.16

Գերմանիայում մի քանի անգամ տարվա լավագույն բռնցքամարտիկ ճանաչված, հայազգի Արթուր Աբրահամը հայտարարություն է տարածել՝ իր հպարտությունը հայտնելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար։ Արթուր Աբրահամի մամուլի խոսնակին փոխանցած հայտարարության մեջ նշված է.


«Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:


Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաև ռինգը։


Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է ցեղասպանական նոր ոճրագործություններ և պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար:


Միշտ և ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ` Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
 

Արթուր Աբրահամը հպարտ է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար