Գերմանիան չտրվեց Թուրքիայի սպառնալիքներին. ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

11:41 • 03.06.16

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում ողջունել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և կոչ է արել Թուրքիային հետևել դրան, գրում է asbarez.com-ը:

 

«Մերժելով աշխարհի գերտերությունների ոչ հեռատես և հանցավոր կեցվածքը, որն օրինականացրել է ճշմարտության և պատմական արդարության զոհաբերումը քաղաքական և դիվանագիտական շահերի համար՝ Գերմանիան չտրվեց Թուրքիայի սպառնալիքներին և ճնշումներին ու ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»,- նշված է հայտարարությունում:

 

Հայտարարությունում նշվում է նաև, որ ընդունելով Հայոց ցեղասպանությունում իր դերի պատասխանատվությունը՝ Գերմանիան ավելի մեծ կշիռ է տվել այս հարցին և կտրամադրի ավելի մեծ ազդակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին։

 

«Ժամանակն է Թուրքիայի իշխանությունների համար հասկանալու, որ նրանք չեն կարող խուսափել իրենց պատասխանատվությունից»,- հայտնել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն։

 

Գերմանիան չտրվեց Թուրքիայի սպառնալիքներին. ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը