Ճապոնիայում ձերբակալել են յակուձայի «ամենաարյունալի» խմբավորման ղեկավարներին
Ճապոնիայի հարավում Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ոստիկանությունը ձերբակալել է «Կուդոկայ» խմբավորման 6 ղեկավարներին: Այն համարվում է ճապոնական յակուձա հանցավոր կազմակերպության ամենաարյունալի խմբավորումը, գրում է РИА Новости-ն:
Նրանք ձերբակալվել են ռեստորանի սեփականատիրոջ դեմ մահափորձի համար, ով իր հաստատությունում կախել է յակուձայի գրոհայինների մուտքն արգելող վահանակ: Տղամարդուն հարվածել են դանակով, սակայն նա ողջ է մնացել:
Հանցավոր խմբավորումների անդամների համար ռեստորաններ և բարեր մուտքն արգելող համակարգը սահմանվել է 2012-ին:
Ճապոնիայում ընդհանուր գոյություն ունի յակուձայի ավելի քան 20 խմբավորում, որոնք հաշվառված են ոստիկանությունում: «Կուդոկայն» ամենախոշորը չէ, ընդամենը մոտ 2.000 մարդ, սակայն ամենակռվարարներից է, նրանք իրականացրել են մի շարք սպանություններ և հարձակումներ միջին և փոքր բիզնեսի վրա:










