ՀՀ ՄԻՊ-ը ՄԻԺԻ հիմնադիր Արմինե Առաքելյանի հարցով դիմել է գլխավոր դատախազին
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի:
Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
«Այս մասին հրապարակային աղբյուրներով տեղեկություններ է ներկայացրել նաև Արմինե Առաքելյանը։
Այդ հրապարակումների մանրամասն ուսումնասիրության հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ:
Քննարկման ընթացակարգի շրջանակներում Պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սեղմ ժամկետում քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը:
Նշվածի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել նաև Առողջապահության նախարարին»,-ասվում է հաղորդագրությունում:










