ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկը սահուն մերժվեց. Քոքոբելյանը 1 տարով հետաձգեց նախագծի քննարկումը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր քննարկեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած՝ «Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» նախագիծը:
«ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք գնալով զրկվում ենք միջազգային ներդրումներից: Դրա համար օր առաջ պետք է կասեցնենք մեր անդամակցությունը: Հասարակության մեջ հիմա մեծ շերտ կա, որ ընդվզում է՝ մեզ ոչինչ չտվեց ԵՏՄ-ն, ՀԱՊԿ անդամ լինելը: Մենք այդպես էլ չստացանք ՌԴ այն երկու հարյուր միլիոնանոց զինտեխնիկան: Ես կարծում եմ, որ հենց դա էր ապրիլյան քառօրյա պատերազմ սկսելու հիմնական պատճառներից մեկը»,- ասաց նախագծի հեղինակը:
Քոքոբելյանն ընդգծեց՝ մենք, լինելով ՀԱՊԿ անդամ, չկարողացանք կասեցնել ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը, մինչդեռ դա 1997-ին կնքված հայ-ռուսական մեծ պայմանագրի խախտում է. «Մեր հակառակորդի սպառազինության 80 տոկոսը վաճառում է ՌԴ-ն, երկրորդը Բելառուսն է, իսկ Ղազախստանի պարագայում ամեն ինչ պարզ է»:
ՀՀԿ-ական պատգամավորները հակադարձեցին, որ այսօր Հայաստանը ավելի լավ այլընտրանք չունի, քան ԵՏՄ-ն է: Իսկ Արտաշես Գեղամյանը զգուշացրեց, որ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը չմիացան ԵՏՄ-ին ու այդ երկրներում «արյուն է հոսում»:
«Այլընտրանքը կար, դա Եվրասոցացման պայմանագիրն էր: Սրանով մենք ինտեգրվել են կոռուպցիային ու ասում ենք՝ պայքարենք կոռուպցիայի դեմ, ինտեգրվել ենք մի կենտրոնի, որտեղ մեր քաղաքացուն խալաթ են հագցնում, որը զենք է մատակարարում մեր հակառակորդին, ասում է՝ դա բիզնես է: Այլընտրանքը քաղաքակիրթ եվրաարժեհամակարգով ԵՄ-ն է»,- հակադարձեց Քոքոբելյանը:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ անձամբ ինքը դեմ է քվեարկելու: «Այսօր ես կարծում, որ սա խնդիրը քննարկելու արհեստական հարց է, դեռևս մենք որևէ իրական հիմք չունենք՝ ասելու, որ մենք ԵՏՄ-ում անդամակցությունը համարում ենք անէական»:
ՀՀԿ մյուս պատգամավորները ևս կոչ արեցին հետաձգել նախագծի քննարկումը: Քոքոբելյանը հայտարարեց, որ պատրաստվում է համոզել ՀՀԿ-ականներին ու առաջարկեց 1 տարով հետաձգել քննարկումը:










