Բացվել է Ռոտերդամը Ջենովային միացնող աշխարհի ամենաերկար գնացքի թունելը (լուսանկարներ)
21-րդ դարի ինժեներական հրաշալիքներից մեկի շինարարությունը մոտեցել է ավարտին:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, Gotthard Base Tunnel աշխարհի ամենաերկար և ամենախոր գնացքի թունելը բացվել է հունիսի 1-ին: Նախագիծը երկու զուգահեռ ընթացող առանձին թունելներ է ներառում: Թունելի հյուսիսային ծայրը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում է գտնվում, իսկ հարավային ծայրն` Իտալիայի Ջենովա քաղաքում:
Այն աննախադեպ արդյունավետ երթևեկություն է ապահովելու Եվրոպայի հյուսիսային և հարավային հատվածների միջև` Ալպերով բեռնատարներով տեղափոխվելու փոխարեն:
Նախագծի իրագործումն, ընդհանուր առմամբ, 17 տարի է տևել և ավելի քան 23 մլրդ դոլար արժեցել: Թունելի կառուցման աշխատանքների ժամանակ 9 աշխատող է զոհվել:
Թունելներից յուրաքանչյուրը 56 կմ երկարություն ունի: Ամենախոր վայրում թունելի խորությունը կազմում է 2.5 կմ գետնի մակերեսից: Երկու թունելներն իրար են միացված ամեն 300 մետրի վրա:
Թունելի տրամագիծը կազմում է 9 մետր: Նախատեսվում է, որ գնացքները կընթանան 250 կմ/ժամ արագությամբ, ինչի շնորհիվ շվեյցարական Ցյուրիխից իտալական Միլան կարելի է հասնել 3 ժամից էլ շուտ: Ներկա պահին թունելի շահագործումը սահմանափակ է: Այն ամբողջությամբ կգործարկվի դեկտեմբերից:
















