Գյուղացիները փակել են Երևան- Գողթ ճանապարհը` մտավախություն ունենալով, որ չեն ստանա խոստացված ջուրը (ուղիղ)

11:21 • 03.06.16

 

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները փակել են Երևան-Գողթ ճանապարհը` մտավախություն ունենալով, որ խոստացված ջուրը` չեն ստանա Գեղարդալճից:

Tert.am- ի հետ զրույցում Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանն ասաց. «Մեր խնդիրն այլ է, որովհետև մենք ջրի վերցնելու խնդիր ունենք, պայմանավորվածություն ունենք, արդեն կարողանում ենք վերցնել , դրա համար հիմա ժողովրդին հանգստացնում եմ, որ պետք չի անհանգստանալ: Ժողովուրդն էլ վրդովվում ա, ասում ա` չեն վստահում, բայց ես պայմանավորվել եմ, որ նախագծերը վերջացնեն՝ կլինի»:

Հիշեցնենք, որ Գողթ գյուղի հողերը ոռոգվում են Գեղարդալճից, որից կառավարությունը  պատրաստվում է ջուր տալ այլ գյուղերի։ Այն դեպքում, երբ  գողթեցիների խոսքով՝ առանց այն էլ լճի ջուրն իրենց ոռոգման սեզոնին մի կերպ է բավականացնում։

Մոտ մեկ ամիս առաջ, նրանք նորից բողոքի ակցիա էին արել, ու գյուղացիները մանրամասնել էին իրենց մտավախության պատճառը: Ըստ այդմ՝ լճի պատվարը պետք է բարձրացնեն, որ ջրի ծավալն ավելանա, նոր ջուր տանեն։ Գեղարդալճի տարողությունն, ընդհանուր առմամբ, 2.4 միլիոն խորանարդ մետր ջուր է, իրենք ուզում են ավելացնել ևս 1 միլիոն, բայց գյուղացիները կասկածում են, որ  չեն կարողանա այդքան ծավալի ջուր ավելացնել:


Գյուղապետն այս առնչությամբ ասաց, որ նախագծեր են մշակվում ու ավելացրեց.«Գեղարդալճի պատվարի բարձրացում ա գնում, նոր ջրամբարի կառուցում ա գնում, այնտեղ երկրորդ ջրանցքի կառուցման խնդիրը կար, դա երկրորդ պլան էր մղված, հիմա կառավարությունը շուռ է տվել առաջին պլան և հիմա լուծում է մեր ջրի խնդիրը: Դրա համար եմ դեմ, որ գյուղացիները փակել են»:


Գողթեցիները նաև բարձրաձայնում էին, որ կողքի տարածքներում հողամասեր ունի նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

Գյուղապետը, որպես ամփոփում ասաց, որ իրենց եկար տարիների խնդիրը լուծվում է , ավելին` իրենց ունեցած ջրի վրա կունենան մի քիչ ավելի ջուր:




Գյուղացիները փակել են Երևան- Գողթ ճանապարհը` մտավախություն ունենալով, որ չեն ստանա խոստացված ջուրը (ուղիղ)