Երեկ Էջմիածնում սպանվածը գեներալ Մանվելի վարորդներից մեկի հայրն էր
Երեկ ուշ երեկոյան կրծքավանդակի հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված և գիտակցության չգալով կես ժամ անց մահացած 59-ամյա Վահան Գրիգորյանը գեներալ Մանվելի վարորդներից մեկի հայրն էր:
Tert.am-ին հաջողվեց պարզել, որ սպանված Վահան Գրիգորյանը գեներալ Մանվելի վարորդներից Արտակ Գրիգորյանի հայրն է: Արտակ Գրիգորյանը վերջին շրջանում գեներալի հետ եղել է Արցախում ու հիմնականում տեղափոխել նրա աշխատակազմին:
Նշենք, որ ըստ ոստիկանության, դեռևս չպարզված հանգամանքներում արձակված կրակոցից Վահան Գրիգորյանը հրազենային վնասվածքը ստացել է Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքի հարակից դաշտում: Ըստ Գրիգորյանի որդու` Արտակ Գրիգորյանի հայտարարության, ինքը նշված վայրում, հոր կողքին, հայտնաբերել է նրան պատկանող «Մակարով» ատրճանակը` լիցքավորված 6 փամփուշտով:
Հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այսօր Էջմիածնում տեղի կունենա Վահան Գրիգորյանի հոգեհանգիստը:










