Լեհաստանի խորհրդարանը ցեղասպանության մասին կոնվենցիա է պատրաստում
Լեհաստանի խորհրդարանում պատրաստվում է կոնվենցիա՝ ազգերի ինքնության պաշտպանության վերաբերյալ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան՝ նշելով, որ խոսքն ազգության համար ցեղասպանության ենթարկված ազգերի իրավունքների պաշտպանությունն է:
Քրիստոֆ Յաբլոնկան նշեց, որ 1915թ.-ին հայերը, ինչպես քրիստոնյա մի շարք ազգեր, Օսմանյան Կայսրության կողմից ցեղասպանության են ենթարկվել, ուստի Լեհաստանի խորհրդարանը պատրաստվում է միջազգայնորեն բարձրացնել հանցագործության ենթարկված ազգերի հարցը: Ըստ նրա՝ ստեղծվում է պատմական տրիբունալ՝ մարդկության դեմ կատարած ոճրագործությունները ճանաչելու համար:
Լեհ պատմաբանն ասաց, որ կոնվենցիան կունենա քարտեզի պատկեր, կլինի ժամանակացույց այն բոլոր պետությունների, որոնք ճանաչել են պատմությունը, ընդունել են պատմական ճշմարտությունը, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանությունը որպես եղելություն:
Նշենք, որ Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005թ.-ի հունիսն: Լեհաստանի Սեյմի` ձայների մեծամասնությամբ ընդունված հայտարարությունում նշվում է, որ Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:










