Սամվել Բաբայանն այցելել է Արցախյան հերոսամարտում զոհվածների գերեզմաններ
Ստեփանակերտ այցելելուց հետո Սամվել Բաբայանն ուղևորվեց Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանոց, որտեղ նա ծաղիկներ դրեց պատերազմի տարիներին կորցրած ընկերների գերեզմաններին:
____________________________________________________________________________________________
14.34
Ստեփանակերտի հրապարակում հավաքվել են տասնյակ քաղաքացիներ` դիմավորելու համար Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով՝ հունիսի 5-ին շուրջ 5 տարի բացակայությունից հետո առաջին անգամ ժամանում է Արցախ:
«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակման կադրերից երևում է, որ հավաքված մի քանի կանանց ձեռքերում կան ծաղիկներ, իսկ մի կին էլ` եկել է աղուհացով:
Քիչ առաջ Սամվել Բաբայանը եկավ, ու հանդիպումների շարքը սկսեց իրեն դիմավորողների հետ ողջագուրվելով, ձեռքսեղմումներով։
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր վերադարձից հետո հայտարարեց, որ իր առաքելությունը հենց Արցախում է տեսնում: Tert.am-ի հետ զրույցում «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանը, որը համարվում է Բաբայանի կողմնակիցը, ի պատասխան հարցի, թե Սամվել Բաբայանին Ղարաբաղում սպասո՞ւմ են, ասել էր.« Կարծում եմ՝ այո, որովհետև բավականաչափ մարդիկ են զանգահարում և հարցնում են, արձագանքում են, և պետք է նշեմ, որ ապրիլյան օրերին ամենաշատը տրվող անունը հենց իր անունն էր»:










