Էջմիածնում 42-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի բնակիչ Համլետ Պատուրյանի սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական տվյալներով` 2016 թվականի հունիսի 05-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում գտնվող ըմբշամարտի դպրոցի տարածքում, կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Հ.Պատուրյանի ուղղությամբ` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:










